ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 04/05 ընտրատեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

2015 թվականի դեկտեմբերի 6-ին «asparez.am» կայքէջում զետեղվել է հրապարակում այն մասին, որ դիտորդի ձեռքից նախագահը խլել է տեսագրություններով հեռախոսը, ջնջել պարունակությունը և վերադարձրել:

 

 

Հրապարակման հիման վրա Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր՝ պարզելու մատնանշված հանգամանքները։

 

 

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության դիտորդ Գոհար Աբրահամյանը բացատրություն և հաղորդում է տվել այն մասին, որ 06.12.2015թ. տեղի ունեցած ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասում հայտնաբերված կրկնակի քվեարկության հնարավոր դեպքի նկարահանման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ս.Ավագյանը խլել է իր բջջային հեռախոսը' խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:

 

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության մասին բավարար տվյալներ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով։ Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։

 

 

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 11 քրեական գործ՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), ևս 3 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով, որոնք ուղարկվել են ըստ քննչական ենթակայության։