Մանկատների նախկին սաներից ոմանք հրաժարվում են մարզերում տրամադրվող բնակարաններից՝ պատճառաբանելով այդ վայրերում գործազրկության բարձ մակարդակը: Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Մեր տունը» ՀԿ-ի տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը:
«Մեր տունը» ՀԿ-ն 2006 թ.-ից իրականացնում է ծրագիր, որը թույլ է տալիս մանկատան շրջանավարտներին, անմիջապես մանկատնից հետո, բնակվելով «Մեր տունը» համալիրում, կրթություն և հմտություններ ստանալ կյանքի մեջ մտնելուց առաջ:
«Հաշվի առնելով պետության կողմից իրականացվող բնակարանային ծրագիրը, մանկատան շրջանավարտների հետ մենք կնքում ենք չորս տարվա պայմանագիր, որպեսզի մինչև բնակարան ստանալն իրենք տանիք ունենան: Սակայն, քանի որ նախորդ ծրագիրը ձախողվեց, դրա արդյունքում մեզ մոտ կա երեք աղջիկ, ովքեր արդեն չորս տարուց ավել բնակվում են մեր տանը:
Վերջերս մեր աղջիկներից մեկին, ով մեր տանը բնակվում է իր երկու քույրիկների հետ և սովորում է Պետական համալսարանում, առաջարկեցին տուն Սպիտակ քաղաքում: Սակայն նա երկմտում է տունը ստանալու հարցում, քանի որ չի կարող թողնել ուսումը և քույրիկներին», - ասաց Տիգրանուհի Կարապետյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը տեղեկացրեց, որ 2012 թ. օգոստոսի մեկին մեկնարկեց «Սոցիալապես անապահով և հատուկ դասերի անձանց կացարանների և այլ սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագիրը:
Կառավարության որոշմամբ' սահմանվեցին հատուկ և սոցիալապես անապահով անձանց խմբերը, ովքեր կարող են հավակնել կացարանի ստացմանը և, դրան զուգահեռ, նաև այլ ծառայությունների, որովհետև միայն կացարանի տրամադրումը չի լուծում բոլոր խնդիրները: Այս ծրագրի հիմնական շահառուներն են մանկատան շրջանավարտները, առանց ծնողական ծնամքի մնացած երեխաների թվի դասին պատկանող անձինք և միայնակ չաշխատող կենսաթոշակառուները, մեկ ծնող ունեցող ընտանիքները և սատարող ընտանիքները:
«2012 թ. կառավարության որոշմամբ առ այօր 59 մանկատան նախկին սաներ և առանց ծնողական խնամքի մնացած անձինք Մարալիկում կացարան են ստացել, նույն վայրում գտնվող երկրորդ շենքում արդեն իսկ բնակեցվել է 15 բնակարան, ևս 15 բնակարան է տրվել Շիրակի մարզում մանկատան նախկին սաների և առանց ծնողական խնամքի անձանց:
Ցավոք, կան հրաժարվողներ, և մեր սոցիալական աշխատողները փորձում են վարել աշխատանքեր այդ անձանց հետ: Մարալիկում բնակարան ստացած անձանց մի մասն արդեն աշխատանք են գտել Գյումրիում, և փորձում ենք «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպ ասարկում» ՊՈԱԿ-ի աշխատակիցների միջոցով հնարավորինս լուծել նաև աշխատանքի հարցը»,- նշեց Աստղիկ Մինասյանը:
Սոցիալական աջակցության վարչության պետը հավելեց, որ այսօր բնակարան ստանալու հերթում են գտնվում մանկատան 234 շրջանավարտ, և առանց ծնողական խնամքի մնացած 109 անձ: Հաշվառման գործընթացը շարունակական է:
Սակայն բնակարան հատկացնելու համար շահառուները պետք է համապատասխանեն երկու կարևոր պայմանի՝ չունենան սեփականության իրավունքով բնակարան և վեջին հինգ տարիների ընթացքում անշարժ գույքի առք ու վաճառքով կատարած չլինեն:
Մանկատան նախկին շրջանավարտների հաշվառումը սկսվել է իրականացնել 2003թ.-ից՝ հաշվառելով 1993 թ. սկսած մանկատների շրջանավարտներին: Հաշվառումից արդեն իսկ անցել է տասներկու տարի, գործարկվել է հաշվառված անձանց սոցիալական վիճակի կրկնակի գնահատման նախագիծ, որի արդյունքներով կսկսվեն իրականացվել այլ ծրագրեր: