ԱՄՆ-ի Սենատում հինգշաբթի օրը կայացել է առաջին նիստն Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածուի առաջադրման հարցի վերաբերյալ: Այս մասին հայտնել է trend.az-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտայի թեկնածությունը:
Ավելի վաղ, նրա առաջադրման հարցը քննարկվել էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Դեսպանի թեկնածուն բավական հարուստ դիվանագիտական փորձ ունի: Աշխատել է Տոկիոյում, Բեռլինում, Քաբուլում:
Նա տարբեր պաշտոններ է զբաղեցել ԱՄՆ պետքարտուղարությունում, որոնք հիմնականում ուղղված են եղել էներգետիկայի, առևտրի ու տնտեսական զարգացման ոլորտներին: