«Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» կազմակերպությունը դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում «Ինչպե՞ս կարող են ԱՄՆ-ի պատժամիջոցներն օգնել Ադրբեջանում իրավապաշտպաններին» կոչված ֆորում է անցկացնելու: Ֆորումում ելույթ են ունենալու Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և Freedom House կազմակերպության նախկին ղեկավար, ներկայում Մակքեյնի ինստիտուտի մարդու իրրավունքների և ժողովրդավարության գծով գլխավոր տնօրեն Դևիդ Կրամերը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ռիչարդ Կոզլարիչն ու Դևիդ Կրամերը դեռևս մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի կառավարությանը կոչ էին արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: BBC-ին տված հարցազրույցում Դևիդ Կրամերը համոզմունք էր հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշպանության ոլորտում առաջընթացի հասնելու միակ ճանապարհը պատժամիջոցներ կիրառելն է:

 

«Ռուսաստանի դեմ «Մագնիտսկու ակտ» կիրառվեց: Կարծում եմ էներգետիկ ներուժի, Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում ունեցած դերակատարության համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում աջակցություն ստանալը դժվար է լինելու: Սակայն, խնդիրն այն է, որ ադրբեջանական կառավարության ղեկավարներն արդեն սկսել են խայտառակ լինել և ժամանակն է ցույց տալ, որ դա պետք է անարդյունք չմնա», -ասել է նա:

 

«Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Ջեն Փսակին Ադրբեջանի իշխանությանը կոչ էր արել հարգել մարդու իրավունքները: Փսակիի այդ կոչից հետո ադրբեջանական իշխանություններն ավելի են ուժեղացրել հակաարևմտյան արշավը:

 

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը օրերս հրապարակած ընդարձակ հոդվածում խիստ մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին: Նման պայմաններում Վաշինգտոնում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հարցի քննարկումը կարող է ադրբեջանական իշխանություններին ուղղված լուրջ ուղերձ համարվել», -եզրակացնում է թերթը: