«Հայաստանը եղել եւ մնում է հավատարիմ ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ եւ նախաձեռնող փոխգործակցությանը, որն ուղղված է անդամ երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը, ներառյալ արտաքին քաղաքականության համակարգումը եւ ակտիվացումը միջազգային ասպարեզում». Այս մասին Երեւանում կայացած ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը տեղեկացրել է, որ նեղ եւ ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկվել են աշխարհում եւ տարածաշրջանում իրավիճակի զարգացման միտումները, անվտանգության հարցեր, անդրադարձ է եղել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է։

«Հունվարին կազմակերպությունը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին, սակայն դեռ բաց է մնում 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված հարցը»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով, դիտարկել են նաեւ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Նիստերի արդյունքներով հաստատվել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի հայտարարությունը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, խորհրդակցությունների պլանը, հաջորդ հանդիպման վայրն ու ժամը։ Այն կկայանա Երեւանում տարվա 4-րդ եռամսյակում։