ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին՝ Փարիզում, անցկացրել է եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:
Խորհրդակցությանն անդրադարձ է արվել հունիսին Երևանում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփել 2014թ. կատարված աշխատանքները, նախօրեին Բազելում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները և համապատասխան հանձնարարականներ տվել՝ հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում էր եղել ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը։
Խորհրդակցության մասնակիցները հանգամանալից քննարկել են արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերը։
Հանդիպմանը հատուկ ընդգծվել է եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ է արվել դեսպանությունների գործունեության՝ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։