Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 7-ին նույն քաղաքի բնակիչ Արծրուն Իսրայելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են սպանության շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
2014 թվականի դեկտեմբերի 7-ին' ժամը 03:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Չարենցավանի մի բնակիչ և հայտնել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին հանրակացարանում սպանել է ոմն Արթուրի:
Նշված ահազանգի հիման վրա' Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի 22/23 բնակարանում հայտնաբերվել է նույն հասցեի բնակիչ, շրջապատում Արթուր անունով հայտնի, 1975թ. ծնված Արծրուն Իսրայելյանի դիակը՝ գլխի շրջանում վնասվածքներով:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սպանության կասկածանքով 2014 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել Չարենցավան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ազարյանը: Նույն օրը' ժամը 05:50-ին, վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ: Կասկածյալը հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժածի և կասկածյալի հագուստները, որոնք նրանց հագին եղել են դեպքի ժամանակ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: