ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Չարենցավանի բաժին դեկտեմբերի 3-ին, ժամը 05.30-ին, հաղորդում է ստացվել, որ ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի 4-րդ հարկի մի բնակարանից ծուխ է դուրս գալիս և երեխայի լացի ձայն է լսվում:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են ծխացող բնակարանում բնակվող անձանց ինքնությունը։

«Հրդեհը մարելուց հետո բնակարանի հյուրասենյակի հատակին այրված և ծխահարված վիճակում հայտնաբերվել է 89-ամյա Ռոզա Գյուլումյանի դիակը: Պարզվել է, որ Ռոզա Գյուլումյանին ծեծելով և այրելու միջոցով կյանքից ապօրինի զրկել է 36-ամյա թոռնուհին։ Նա ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին և կատարվածի վերաբերյալ տվել խոստովանական ցուցմունք»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 36-ամյա կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: