Էջմիածնում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են, նրանցից մեկը երիտասարդ աղջիկ է։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Սպանություն կատարել են երկու անձ՝ տղա և աղջիկ` 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն եւ 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին, Արմավիրի մարզում առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել։ Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել էր տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին:
«Քաղաքացին հեռախոսազանգերին չի պատասխանել,տանը հայտնաբերել են նրա դին՝ կպչուն ժապավենով կապկպած, ավտոտնակից գողացել են նաև ավտոմեքենան»,- ասել էր Արևիկ Խաչատրյանը` հավելելով, որ թալանել են նաև խանութը։
Նույն օրը սպանվածի Lexus մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել էր Դիլիջանում՝ վթարի ենթարկված։ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել 4-րդ ոլորանի սկզբնամասում և բախվել ծառին:
Մեքենայի պետհամարանիշները կեղծված են եղել: Մեքենայում գտնված անձիք տեղափոխվել էին Դիլիջան բժշկական կենտրոն: