Հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում սեպտեմբերի 20-ին' ժամը 19.30-ին, հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970թ. ծնված Հրավարդ Ս.-ն:

 

Նույն օրը' ժամը 21.15-ին, ոստիկանության Մարտունու բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ Հրավարդ Ս.-ն «կրծքավանդակի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ նրա հարազատները հայտնել են, որ վնասվածքները ստացել է ծեծի հետևանքով: Հրավարդ Ս.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել է Երևան' նեղ մասնագիտական բուժօգնության:

 

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը' ժամը 18.30-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին, վիճաբանության ժամանակ, 1976թ. ծնված Մարտին Հ.-ն, 1987թ. ծնված Զոհրաբ Կ.-ն և 1987թ. ծնված Հրանտ Շ.-ն ծեծի են ենթարկել Հրավարդ Ս.-ին և պատճառել վնասվածքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 22-ին' ժամը 20.00-ին, Հրանտ Շ.-ն կամավոր ներկայացել է Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:

 

Նույն օրը' ժամը 21.00-ին, Հրանտ Շ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին' ժամը 18.20-ին, Մարտին Հ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Զոհրաբ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: