Դիլիջանի հյուրանոցներից մեկում 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկած ՆԳՆ Դիլիջանի քրեական հետախուզության պետի՝Արսեն Ղայթմազյանի, նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը դատախազի որոշմամբ վերացվել է՝ բարձրացված աղմուկից հետո։ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկությունն առայժմ ոչ հաստատում, ոչ հերքում են։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ այսօր հաղորդագրություն կտարածեն թեմայի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Արմլուր» լրատվականը երեկ տեսանյութ էր տարածել՝ գրելով, որ 16-ամյա տղային ծեծի ենթարկողը Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանն է։

Ինչպես պարզվեց՝ դեպքը տեղի է ունեցել այս տարի՝ ապրիլի 10-ին։ Նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակներում 16-ամյա պատանին, որը ռեստրանային համալիրում մատուցող է աշխատում, տուժող է ճանաչվել, սակայն տղային դաժանաբար ծեծի ենթարկելու համար պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում այդպես էլ չի հարուցվել։

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:

«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք՝ 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է»,- մեզ հետ զրույցում ասել է Գոռ Աբրահամյանը։

ՀՀ ոստիկանությունից մեզ տեղեկացրել էին, որ ծառայողական քննություն է իրականացվում, ինչով պայմանավորված Արսեն Ղայթմազյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Մասնագիտական հանրության և քաղաքացիների շրջանում բարձրացված աղմուկից հետո իրավապահները որոշել են ընթացք տալ և ինչպես պարզվեց՝ դատախազը վերացրել է քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։