ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դիլիջանի քրեականի պետի մասնակցությամբ ծեծի միջադեպին։

«Բարև Ձեզ, եկել եմ ասեմ, որ սա հատուկ եմ մի օր ուշացումով գրում, որ չասեն, թե էմոցիայից դրդված է:

Խոսքս ուղղում եմ իրավապահ ամբողջ համակարգին՝ ներքին գործեր, դատախազություն, քննչական տարատեսակ մարմիններ, ԱԱԾ և այլն:

Ընդհանուր առմամբ, երկար ժամանակ է՝ ձայն չեմ հանում տարբեր խնդիրների և դեպքերի շուրջ և ոչ միայն ստորև նշված դեպքի, բայց դա չի նշանակում, որ չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունենում, ինչ եք անում և ինչու, դա չի նշանակում, որ պատրաստ եմ հարցերը միշտ ներքին կարգով և ինստիտուցիոնալ խողովակներով քննարկել, առավել ևս, եթե մեծամասամբ իրենք ինչ-որ «խելամիտ» կեղծ փաթեթավորմամբ ցրվում են:

Համակարգերի, այսպես կոչված, «փորձառու և բանիմաց» մասնագետներ և դեռ հարգելի՛ գործընկերներ, կա՛մ ձգվեք, կա՛մ այլևս խոսակցությունները լինելու են շատ ուղիղ, փաստարկված և պարտադիր հրապարակային, և վստահեցնում եմ, որ ոչ մեկիդ հաճելի չի լինելու:

Եթե դուք, տենց ձևը ջոկել եք, որ վերադասին ձեր ուզած ճշմարտությունը ձեր տարատեսակ գույնզգույն տեղեկանքներով կարող եք ներկայացնեք, դա դեռ չի նշանակում, որ տենց անցավ ու մարսվեց, և մենք չենք տիրապետում իրական ճշմարտությանը, որը կհասցնենք ձեր վերադասներին:

Եթե դուք տենց մտածում եք, թե գործ ունեք ուղղակի ինչ-որ «կնոպկա սեղմողների» հետ, ապա չարաչար սխալվում եք, որովհետև անձամբ ես ուղղակի շատ համբերատար եմ, բայց դա ունի ավարտ:

Հիմա կոնկրետ գրելուս իմաստը հետևյալն է՝ Դիլիջանի քրեականի պետի իրագործած բռնության խայտառակ դեպքի հետ կապված (ի դեպ՝ բացարձակ կապ չունի, որ բռնության ենթարկվածը անչափահաս է), ոչ մեկ ոչ մեկին չի կարող մատի վրա ֆռռացնել, սա՝ մեկ, երկրորդը՝ տարբերակ չունեք զղջումով ավարտելու (թե չէ կստացվի, որ ես կարամ մանդատովս ձեր խայտառակ գործընկերոջը ծեծեմ, իսկ ես կարամ, ուղղակի թույլ չեմ տա ինձ, հետո՝ զղջամ և դուք ըմբռնումով մոտենաք), ավելին' խոսքը այստեղ պիտի ոչ միայն պաշտոնազրկման մասին գնա, այլ կոնկրետ կոչումազրկման, քանզի նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են, այլ ուղղակի անընդունելի, որովհետև դա համակարգի արատն է, և եթե դուք ուղղակի ըմբռնումով եք մոտենում, ապա նշանակում է, որ ըմբռնումով եք մոտենում, որ նույն բանը կարող է իրեն թույլ տալ ձեզանից յուրաքանչյուրը:

Ոչ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է թեման սղացնել, հանրային էմոցիաները հանդարտվեն, իսկ հետո՝ մի վեց ամիս անց, սույն անձը ինչ-որ մի համակարգում հայտնվի մի տաքուկ պաշտոնում:

Այս հարցում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իմ գործընկերներին հորդորել եմ, որ հետևողական լինենք և լինելու ենք:

Այս պահին դեռ այսքանը: Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ և տոկուն»: