ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և դեկտեմբերի 11-ին Մոսկվայից Հայաստան է էտապավորվել 2013թ. հոկտեմբերին Վանաձորում ընկերոջ հետ Սեյրան Հարությունյանի հետ վեճի բռնված և վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս պատճառած Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Հրայր Հարությունյանին: Հետախուզման աշխատանքներում ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն աշխատել են միասին, համագործակցության է եղել նաև արտասահմանյան գործընկերների հետ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ միջպետական հետախուզման մեջ գտնվող Հրայր Հարությունյանը թաքնվում է Մոսկվա քաղաքում: ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, 2014 թվականի փետրվարի 4-ին Հրայր Հարությունյանը հայտնաբերվել է Մոսկվայում ու ձերբակալվել: Իսկ այս տարվա դեկտեմբերի 11-ին մեր քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից էտապավորվել է Հայաստան:

 

Ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից նրան բերման են ենթարկել Բազումի բաժին: Հրայր Հարությունյանը կալանավորված է: Քննությունը շարունակվում է:

 

Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Հրայր Հարությունյանն անցյալ տարվա հոկտեմբերի 12-ի երեկոյան Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ընկերոջ հետ վեճի էր բռնվել Սեյրան Հարությունյանի հետ, անցորդների դիտողություններն անտեսելով՝ հայհոյանքներով խախտել հասարակական կարգը, ապա ձեռքերով ու դանակով հարվածներ հասցրել Սեյրան Հարությունյանին: Չէր անսացել նաև վերջինիս կնոջ և դստեր ներկայության ու չհարվածելու խնդրանքներին. շարունակել էր վայրագությունը: Կյանքից զրկելու դիտավորությամբ, առանձին դաժանությամբ, բացառիկ անգթություն ցուցաբերելով, հարձակվել ու դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Հարությունյանի կրծքավանդակին ու մարմնի այլ մասերին, առողջությանը պատճառել ծանր վնաս: Հանցագործությունն ավարտին չէր հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում. հարձակումը հետ էր մղել պատահական անցորդը:

 

Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, Հրայր Հարությունյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: