«Արցախի ազգային վիճակախաղ»-ի շրջանակներում ընթացիկ տարում տպագրվել է 260.000 վիճակախաղի տոմս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ շրջանառության մեջ են գտնվում վիճակախաղի 225.400 տոմսեր, որոնցից 60.000-ի գումարն արդեն հավաքագրվել է:

 

Ալեքսանդր Ա րզումանյանի խոսքով, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կխաղարկվեն արցախյան արտադրության գորգեր, բնակարաններ Ստեփանակերտում, ինչպես նաև թթի օղի՝ թթի փայտից պատրաստված տակառների մեջ:

 

Վիճակախաղի ամբողջ հասույթն այս տարի ևս կուղղվի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում վերաբնակիչների համար բնակարանների կառուցմանը: «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրենի տեղեկացմամբ, չվաճառված բոլոր տոմսերը շրջանառությունից կհանվեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 20-25-ը վերջնական հաշվարկները կներկայացվեն ԼՂՀ Կառավարության կողմից ձևավորված «Արցախի ազգային վիճակախաղ»-ի կազմակերպման ու անցկացման հանձնաժողովին, իսկ դեկտեմբերի 28-ին տեղի կունենա վիճակախաղի խաղարկությունը:

 

2013թ.-ին մեկնարկած վիճակախաղի ընթացքում հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվել են Իշխանաձորում 10 բնակարանների կառուցմանը: Ծրագրի շրջանակում նույն համայնքում նախատեսվում է կառուցել 37 առանձնատուն: