Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը սպանության գործը քննող' Ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բյուրոյի դատախազ Սավջը Հաքքը Դողանին 7 էջանոց նոր ցուցմունք է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Շուրջ երեք ժամ տևած հարցաքննության ժամանակ հանցագործը հայտնել է, որ մինչ այժմ վախեցել է, այդ պատճառով էլ չի խոսել:
Սամասթը պատմել է, որ հանցագործության օրը, երբ գնում էր այն փողոց, որտեղ տեղակայված է «Ակոս» պարբերականի գրասենյակը, նկատել է, որ իրեն երկու մարդ հետևում է: «Վճարովի հեռախոսից զանգահարեցի Յասին Հայալին և ասացի. «Եղբայր, ինձ հետևում են, կարծես ոստիկանությունն ընկել է հետևիցս»: Իսկ Յասինը գիտեր այդ մասին և վստահ կերպով պատասխանեց. «Կարող է լինել, մի անհանգստացիր, նրանք մերոնցից են»»,- պատմել է Սամասթը' ընդգծելով, որ հարակից բանկի այդ օրվա տեսագրություններում վստահաբար պահպանված էին այդ ոստիկանների պատկերները, սակայն ք անի որ այդ ժամանակ տեսախցիկի ձայնագրությունները ջնջվել էին, դա ապացուցել հնարավոր չեղավ: «Կարծում եմ, որ այդ ձայնագրությունները ջնջվեցին, որպեսզի չպարզվեն ինձ հետևող երկու անձինք: Հստակ երկու մարդ եմ տեսել: Անգամ եթե նրանց ինձ այս պահին ցույց տաք, կկարողանամ ճանաչել»,- ասել է մարդասպանը' նկարագրելով տվյալ անձանց: Նա պատմել է, որ այդ օրը Դինքին սպանելու առաջին փորձն անհաջողությամբ է ավարտվել, քանի որ վերջինս մտել էր բանկ, և միայն բանկից դուրս գալուց հետո Սամասթը կարողացել էր կատարել իրեն տրված հանձնարարությունը:
Նա դատախազին հայտնել է, որ հանցագործությունը կազմակերպած Յասին Հայալին Տրապիզոնի ոստիկանությունը և ժանդարմերիան պաշտպանում էին, Հայալին աջակցում էր նաև Էրհան Թունջելը: Սամասթը նշել է, որ նախկինում վախեցել էր խոսել և միայն այն բանից հետո, երբ մտածել էր, որ հանագործության իրագործման ժամանակ Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության պետ Ալի Ֆուաթ Յըլմազերն ու այդ ժամանակ Թուրքիայի ոստիկանության գլխավոր հետախուզական վարչության պետ Ռամազան Աքյուրեքը չունեն իշխանություն, հաղթահարել էր իր մեջի վախը և որոշել էր խոսել:
Սամասթը դատախազին է տվել հինգ ոստիկանի հեռախոսահամար' կոչ անելով ուսումնասիրել դրանք: Հանցագործությունը 16 տարեկանում իրականացրած Օգյուն Սամասթը, ով տասը տարվա ազատազրկման էր դատապարտվել, նշելով, որ 4-5 տարուց բանտից դուրս կգա, ասել է. «Կյանքիս ամենագեղեցիկ տարիներն ինձնից գողացան: Ուզում եմ, որ բացահայտվեն նրանք, ովքեր ինձանից գողացան իմ տարիները»:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' «Ակոս»-ի խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: