ՀՀ ոստիկանությունը շարունակելու է իր շարքերը «մաքրել» բոլոր նրանից, ովքեր իրենց մտածելակերպով և վարքագծով չեն համապատասխանում այդ կոչմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Հարցին ի պատասխան, թե որքանով են այդ համակարգում իրականացվող փոփոխությունները գոհացուցիչ, ոստիկանապետը նշեց. «Նախկինում ոստիկանությունը ոստիկաններին չէր պատկանում, որովհետև ոստիկանության շարքերում կային երևույթներ, ովքեր քավոր սանիկներով սողոսկել էին ոստիկանություն, և համակարգը դարձրել էին չարչիատուն: Այսօր մենք ազատվել ենք բոլոր նրանցից, ովքեր համարձակություն են ունեցել չվերափոխվել: Եվ դեռ տարվա վերջում էլի կլսեք: Կան մարդիկ, ովքեր դեռ դիմադրում են, միգուցե ինչ-որ տեղեր մնացել են, բայց չեմ կարծում, որ առողջ օրգանիզմն իր մեջ կթողնի դա: Առողջ օրգանիզմն իր մեջից վանում է օտարին»:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Գասպարյանն ավելացրեց, որ իրենք ավարտում են ընթացիկ տարին քրտնաջան և հանքափորի աշխատանքով, իսկ 2015-ից հույս ունեն մտնել ինտելեկտուալ փուլ: «Այսինքն՝ որոշակի գիտելիքներով, որոշակի մարտավարությամբ կմտնենք մյուս փուլ և կունենանք ավելի կիրթ ու գրագետ ոստիկաններ»,-շեշտեց ոստիկանապետը:
Անդրադառնալով Նախախորհրդարանի անդամների մեքենաների այրման առնչությամբ հնչող հայտարարություններին՝ ոստիկանապետը հայտարարեց. «Գլուխները պատին են տալիս, եթե ասում են ոստիկանության մատը խառն է: Քննություն է գնում, թող քննությունը գնա և հետո գնահատական կտան: Բայց մի քանի ուղղություն՝ շատ տարօրինակ է, որ այդ բոլոր մեքենաներն այրել են այն տեղերում, որտեղ տեսախցիկներ չկան: Ես ոչինչ չեմ կասկածում, այնտեղ շատ խնդիրներ կան: Շատ տարօրինակ գործ է, և մենք անպայման կբացահայտենք»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչու ոստիկանությունը ԲՀԿ-ի հավաքներին ծառայողներ չի ուղարկում, արդյո՞ք վստահ են, որ հեղափոխություն չի լինելու, ոստիկանապետն ասաց. «Ես վստահ եմ, որ բոլորն էլ խելամիտ մարդիկ են և հասկանում են, որ ամեն տեսակ խժդժումներ և հեղափոխություններ, այն ոգով, որ ես ինչ-որ տեղ զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»: