«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանի փոխարեն երեկ ԱԺ բյուջետային քննարկումներին ներկայացած փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրինք՝ ինքը ՆԳՆ շենքի՞ց է եկել խորհրդարան, եթե այո, ապա ինչպե՞ս է ճեղքել սրբազան պայքարի մասնակիցների շարքերը, որոնք վաղ առավոտից շրջափակել էին ՆԳՆ շենքը եւ Վահե Ղազարյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ի դեպ, հենց այդ պատճառով էլ ՆԳ նախարարը չեկավ խորհրդարան, թեեւ նախապես ծրագրված էր, որ համակարգի ղեկավարն է ներկայացնելու իրենց հաշվետվությունը: Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ ՆԳ շենքից է դուրս եկել: Ինչպե՞ս' հետնամուտքո՞վ։ «Հետնամուտք չկա, մի մուտք է»,- փոխնախարարի փոխարեն պատասխանեց նրան ուղեկցող պաշտոնյան։
Իրականում փոխնախարարը հետնամուտքից է դուրս եկել, եւ դա է պատճառը, որ նրան ոչ մեկը չի նկատել: Նույնկերպ կարող էր վարվել նաեւ նախարար Վահե Ղազարյանը, սակայն նա նախընտրել է այդ պատրվակով ԱԺ չգալ: Կա՛մ իսկապես նրա օրերը հաշված են, եւ նա հեռանում է համակարգից, կա՛մ իսկապես որոշակի ապրումներ ունի վերջին իրադարձությունների, իր հայրենի Տավուշից հող հանձնելու կապակցությամբ: