ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին մարզպետարանում հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն' բուժաշխատողների մասնակցությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Մուրադյանը նշել է, որ Կոտայքի մարզ այցի շրջանակում բժշկական կենտրոններում քննարկվել են մի շարք կազմակերպական, բուժական, ֆինանսական խնդիրներ: Նախարարն ընդգծել է, որ բարձրացված հարցերը կլուծվեն համատեղ ուժերով:

 

Նա շեշտել է, որ առանձնահատուկ են նախարարության մոտեցումներն ու պահանջները հիմնանորոգված, վերազինված բժշկական կենտրոնների նկատմամբ:

 

Արմեն Մուրադյանը անդրադարձել է առողջապահական ոլորտի նոր ծրագրերին: Նա ներկայացրել է 2015թ. առաջին անգամ ներդրվող ստուգայցի (Check-Up) ծրագիրը, որը միտված է բարձրացնելու առաջնային օղակի դերը:

 

«Այս ծրագրով մենք ցանկանում ենք հզորացնել առողջության պահպանման առաջնային օղակը: Ծրագրի շրջանակում սոցիալական փաթեթի շահառուների համար պոլիկլինիկաներում համապատասխան չափորոշչով պետությունն առանձին վարձատրություն է սահմանել յուրաքանչյուրի համար' հատկացնելով 8000 դրամ»,- հայտնեց առողջապահության նախարարը' ընդգծելով, որ այս կերպ հնարավոր կլինի հայտնաբերել մի շարք հիվանդություններ վաղ փուլերում:

 

Նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագրի իրականացումը: Նա տեղեկացրել է, որ մարդկանց կյանքը փրկելուն ուղղված այս ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ:

 

Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Արմեն Մուրադյանը այս ծրագրի արդյունավետության ապահովման գործում մեծապես կարևորել է նաև մարզային բժշկական կենտրոնների աշխատանքը:

 

Առողջապահության նախարարը նոր ծրագրերից առանձնացրել է նաև արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձը ուսումնասիրելու նպատակով բժիշկների փոխայցելությունները: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է արտասահմանյան առաջավոր կլինիկաներում վերապատրաստել սրտաբաններ, ուռուցքաբաններ, արյունաբաններ և ճառագայթային բժշկության մասնագետներ:

 

Արմեն Մուրադյանը կարևորել է մարզերում ճիշտ կադրային քաղաքականության իրականացումը: Նրա գնահատմամբ' կարևոր է, որպեսզի մարզում ստեղծվեն գրավիչ պայմաններ երիտասարդ մասնագետների աշխատանքի համար, ինչը մեծապես կնպաստի մարզերի համաչափ զարգացմանը:

 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքելու, տուժածների բուժումը պատշաճ կազմակերպելու, ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, սրտացավ և կարեկից վերաբերմունքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Եղվարդի Նաիրիի, Աբովյանի և Հրազդանի բուժաշխատողները' երկու բուժքույր և երեք բժիշկ պարգևատրվել են պատվոգրերով:

 

Նախարարն իր գոհունակությունն է հայնտել բոլոր բուժաշխատողներին, ովքեր մինչ ուշ գիշեր մասնագիտական պարտքն են կատարել, ում ջանքերով հաջողվեց կարճ ժամանակում տեղայնացնել հիվանդությունը և ապաքինել հիվանդներին:

 

Անդրադառնալով Եղվարդում նոյեմբերի 28-ին տեղի ունեցած թունավորման արտակարգ դեպքին' նախարարը ևս մեկ անգամ կարևորել է բժշկական կենտրոնների' հիվանդների զանգվածային հոսքին պատրաստ լինելու հանգամանքը:

 

Արմեն Մուրադյանը հայտնել է, որ հարցն իրավապահ մարմինների տիրույթում է, և պատկան մարմինները կիրականացնեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նման դեպքերը կանխելու և բացառելու համար: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն էլ նշել է, որ քայլեր կձեռնարկվեն այցի շրջանակում բարձրացված առողջապահական խնդիրները շուտափույթ լուծելու ուղղությամբ: 

 

Ձեռք է բերվել պայմանավորվածություն մարզային այցելությունները պարբերական դարձնելու' խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիների քննարկման համար:

 

Կոտայքի մարզ աշխատանքային այցը եզրափակվել է Աբովյանի բժշկական կենտրոնում: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում տարեսկզբին վերաբացված Աբովյանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում տեղակայվել են անհրաժեշտ բոլոր բաժանմունքներն ու ծառայությունները, առողջապահական հաստատությունը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով:

 

Կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը նշել է, որ այն ապահովում է Աբովյանի և հարակից գյուղերի շուրջ 100 հազար բնակչի բուժօգնությունը: Նախարարի հետ զրույցում մի շարք բուժաշխատողներ վերապատրաստվելու ցանկություն են հայտնել:

 

ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետին հանձնարարվել է ապահովել մարզային մասնագետների վերապատրաստումը Երևանում և հնարավորության դեպքում նաև արտերկրում: Արմեն Մուրադյանը հանձնարարել է մարզում առավել արդյունավետ իրականացնել անհետաձգելի բուժօգնության ծառայության կազմակերպումը:

 

Նախարարն այցելել է նաև մանկական, վերակենդանացման բաժանմունքներ, վիրահատարան, ծանոթացել բժշկական կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությանը: