ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը սկսել է Վարդենիսից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վարդենիսի հիվանդանոցում, ծանոթացել կենտրոնի կարողություններին, շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը և մասնագետներով ապահովվածությանը:
Վիրահատարանում Արմեն Մուրադյանին ներկայացվել են իրականացվող վիրահատությունների ծավալը և հետվիրահատական բուժման կազմակերպումը: Հիվանդասենյակներում նախարարը զրուցել է հիվանդների հետ:
Թեև հիվանդանոցը ջեռուցվում է, բայց ունի շենքային պայմանների, ինչպես նաև նյութատեխնիկական հագեցվածության բարելավման խիստ անհրաժեշտություն: Վարդենիսի բժշկական կենտրոնը սպասարկում է ավելի քան 47000 բնակչի:
Վարդենիսում նախարարն այցելել է նաև կայազորային զինվորական հոսպիտալ: Նա ծանոթացել է շենքային և տեխնիկական պայմաններին, զրուցել բուժում ստացող զինվորների հետ, հետաքրքվել նրանց բուժման ընթացքով:
Արմեն Մուրադյանն ուշադրություն է դարձրել նաև հաստատության լաբորատոր գործիքային հագեցվածությանը:
Մարտունու բժշկական կենտրոնում ևս նախարարը կարևորել է վիրաբուժական և վերակենդանացման ծառայությունների պատրաստվածությունը, ծանոթացավ կադրային և տեխնիկական հնարավորություններին: Նա նշել է, որ հաջողության գրավականը աշխատանքի և ֆինանսական միջոցների ճիշտ կառավարումն է: Մասնավորապես, նախարարը հորդորել է առաջնորդվել առողջապահության նախարարության մասնագետների կողմից վերջերս մշակված աշխատավարձի ձևավորման չափորոշիչներով:
Ի պատասխան առաջնային օղակի բժիշկների աշխատավարձի բարձրացման առթիվ շնորհակալական խոսքի' Արմեն Մուրադյանը նշել է, որ աշխատավարձերի բարձրացման խնդիրը քաղաքական կարևոր նշանակություն ունի, և որն իրականություն է դարձել կառավարության կամքի և ջանքերի շնորհիվ: Առողջապահության նախարարությունն էլ, ըստ Արմեն Մուրադյանի, քայլեր է ձեռնարկել, որպեսզի աշխատավարձերի բարձրացումը զգալի լինի հենց առաջին ամսում:
«Մեր նպատակը ձեր օգնությամբ բնակչությանն առողջ պահելն է, ոչ թե հիվանդ բուժելը, պետք է հասնենք նրան, որ բնակիչը տարին գոնե մեկ անգամ այցելի պոլիկլինիկա անհրաժեշտ հետազոտություններ անցնելու համար»,- ընդգծել է առողջապահության գլխավոր կազմակերպիչը:
Նախարարը պատասխանել է նաև բուժանձնակազմին հետաքրքրող հարցերին:
Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելել է Մարտունու ծննդատուն: Այն վերանորոգվել է 1996 թվականին իտալացի բարերարների միջոցներով: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց ծննդատան ղեկավարությանը հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար:
Իմունականխարգելման սենյակում նախարարը ծանոթացել է պատվաստանյութերի պահպանման պայմաններին, այցելեց նորածիններին:
Գեղարքունիքի մարզ աշխատանքային հանդիպումները կեզրափակվեն Գավառի բժշկական կենտրոն, Սևանի հիվանդանոց և հոգեբուժարան այցերով: