ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արագ արձագանքման խմբի անդամների հետ համայցեր է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նախարարին ներկայացվել են տարբեր բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը, առաջատար մասնագետների հետ քննարկվել նրանց բուժման հետագա ռազմավարությունը:
«Այս պահին կա ութ հիվանդներ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նա հավաստիացրել է, որ բժիշկներն անում են ամեն հնարավորը հիվանդների առողջական վիճակը կայունացնելու համար:
Նա տեղեկացրել է, որ արագ արձագանքման խմբի աշխատանքների և վերլուծության արդյունքների մասին ամեն օր պարբերաբար զեկուցվում է ՀՀ վարչապետին:
Արմեն Մուրադյանը նշել է, որ բոլոր հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: ՀՀ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը վաղ փուլում դիմել բժշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա և չզբաղվել ինքնաբուժմամբ:
Նախարարի խոսքով' նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ թիվ, բայց դիմելիությունը գրանցվի հիվանդության առավել վաղ փուլերում:
Համայցը եզրափակվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ այցելությամբ: Նա զրուցել է հիվանդների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: