Հետհեղափոխական Հայաստանում բոլոր պաշտոնյաների նկատմամբ կան մեծ պահանջներ, հնարավոր է՝ որոշ մարդիկ այդ պահանջները չկարողանան իրականացնել։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ պաշտոնից ազատմանը։
«Խնդիրներ են դրված, որ պետք է ՀՀ-ում լայնամասշտաբ բարեփոխումներ կատարել։ Հեղափոխության շրջանում հնչած բոլոր գաղափարներն ու մտքերը պետք է կարողանանք իրականություն դարձնել, բայց որոշ գերատեսչությունների ղեկավարներ մինչ այս պահը ցույց են տվել, որ չեն կարողանում, դրա համար էլ վարչապետը որոշում է կայացրել»,- ասաց նա։
ԱԽ քարտուղարը չցանկացավ խոսել այն մասին, թե կոնկրետ ինչ առաջադրանքներ չեն կատարել Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրենի ու Վալերիյ Օսիպյանը՝ ոստիկանապետի պաշտոններում: Արմեն Գրիգորյանն ընդգծեց՝ ոլորտներն այնպիսին են, որ շատ հարցեր գաղտնի են։