«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ինչպես Հայաստանի' ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի դեպքում Հայաստանին սպասվող վտանգներն ու արտոնությունները, այնպես էլ պետության անվտանգային այլ հարցեր։
Հանդիպման սկզբում ֆինանսների փոխնախարարներից մեկը ծավալուն հաշվետվություն է ներկայացրել պատգամավորներին՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության վերաբերյալ, եւ գնահատել, թե ՌԴ-ից ԵՄ-ի գիրկն անցնելու արդյունքում ինչ տնտեսական ռիսկեր են մեզ սպառնում, այսինքն՝ արտաքին քաղաքականությունը «դիվերսիֆիկացնելն» ինչ հետեւանքների կհանգեցնի։ Գրիգորյանն ընդունել է, որ ՀՀ-ն պորտալարով կապված է ՌԴ-ի հետ, եւ իր բացասական կարծիքն է հայտնել կտրուկ քայլերի հարցում, որի արդյունքում կարող են թե՛ Վերին Լարսը փակել հայ բեռնափոխադրողների առջեւ, թե՛ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծել: Այն հարցերին, թե Արեւմուտքը պատրա՞ստ է «դիվերսիֆիկացնել» մեր խնդիրները, Գրիգորյանն ասել է, որ նման պատրաստակամություն չեն հայտնել։
Արմեն Գրիգորյանի պատասխաններից ՔՊ-ում տպավորություն են ստացել, որ ԱԽՔ-ը ոչ միայն կողմ չէ Հայաստանի՝ ԵՄ հայտին, այլև ճիշտ հակառակը՝ արևմտամետ պաշտոնյան դեմ է և ՔՊ-ականներին ոչ թե համոզել է, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ հոռետեսական պատասխաններով կասկածներ է առաջացրել նրանց մոտ։
Ասել է նաեւ, որ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում, սակայն պնդել է, որ ՌԴ-ի դեմ ՀՀ իշխանությունների հայտարարությունները տալիս են իրենց արդյունքը: Օրինակ, նախօրեին Լավրովը հեռախոսազանգ է արել Արարատ Միրզոյանին' «քննարկել են տարածաշրջանային հարցեր»։
Եվ դա սկսվել է իր' Գրիգորյանի հայտարարությունից հետո, որ ասաց' «Զվարթնոցից» պետք է հեռացնել ռուս սահմանապահներին: Սակայն նշել է, որ Հայաստանն այս հարցում վճռական է տրամադրված եւ ՌԴ-ին տեղյակ է պահել պաշտոնական նամակով»: