ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն օգոստոսի 5-ին այցելել է Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոն (նախկին Թիվ 3 կլինիկական հիվանդանոց): Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին
նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կենտրոնի ղեկավար Սամվել
Հարությունյանի ուղեկցությամբ Արմեն Մուրադյանը շրջել է հիվանդանոցի բաժանմունքներով, ծանոթացել շենքային և
նյութատեխնիկական պայմաններին:
Նախարարն առաջինն այցելել է ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, ակադեմիկոս Պավել Անանիկյանի աշխատասենյակ: Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում նախարարը
զրուցել է հիվանդների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, որից հետո եղել է վիրահատարանում, ծանոթացել գործիքային և տեխնիկական ապահովվածությանը:
Ուշադրության կենտրոնում է հատկապես եղել վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությունն ու ծառայությունների կազմակերպումը։
Նախարարը կենտրոնի ղեկավարությանը և մասնագետներին առաջարկել է քայլեր ձեռնարկել ուրոլոգիական բաժանմունքը զարգացնելու ուղղությամբ:
Մանկաբարձ–գինեկոլոգ Բագրատ Մկրտչյանի ղեկավարությամբ գործող Էնդոսկոպիկ և վերականգնողական գինեկոլոգիայի կլինիկայում ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով գինեկոլոգիական բարդ վիրահատություններ են կատարվում:
Գինեկոլոգիական բաժանմունքում նախարարը մանկաբարձ - գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ զրուցել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու գործում հետագա համագործակցության և անելիքների մասին։
Արմեն Մուրադյանը կենտրոնի ղեկավարությանն առաջարկել է մասնագիտական տարբեր միավորումներին հնարավորություն ընձեռել պարբերաբար աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել վերջերս վերանորոգված և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցած ընդարձակ դահլիճում:
Կենտրոնը հիմնադրվել է 1972 թվականին' մասնագիտական 5 ուղղությունով' թերապիա, սրտաբանություն, ընդհանուր
վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, անոթային վիրաբուժություն:
Հետագայում կրծքային վիրաբուժության բաժանմունքը տեղափոխվել է այլ հիվանդանոց: Վերջին 14 տարվա ընթացքում հիվանդանոցում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են կատարվել։ Կազմակերպվել է
մասնագիտացված 5 նոր բաժանմունք (վնասվածքաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանություն, դիմածնոտային վիրաբուժություն, գինեկոլոգիա, ինտերվենցիոն սրտաբանություն), հարստացվել է նյութատեխնիկական բազան, ուժեղացվել է կադրային ներուժը:
«Արամյանց» բժշկական կենտրոնն այսօր ինը ուղղությունով շուրջօրյա մասնագիտացված բժշկական օգնություն է
իրականացնում ինչպես Երևանի, այնպես էլ' հանրապետության բոլոր մարզերի բնակչության համար:
Հիվանդանոցը շարունակում է զարգացման իր ծրագրերը' համագործակցության եզրեր փնտրելով ինչպես հանրապետության, այնպես էլ' արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ: