ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպություններ կատարած այցի շրջանակում Արմեն Մուրադյանն օգոստոսի 19-ին եղել է նաև ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը կենտրոնի բոլոր ստորաբաժանումներում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին և լաբորատոր պայմ աններին։ Հանրապետության Նախագահի հանձնարարականով 2012թ.-ից վեր կենտրոնը վերազինվել է եվրոպական չափորոշիչներին և լաբորատոր պատշաճ գործունեության պահանջներին համապատասխանող 13 արդիական սարքավորումներով։
Արդյունքում գրանցվող և ներմուծվող դեղերի որակի գնահատման լաբորատոր հետազոտություններն իրականացվում են գազ-հեղուկային խրոմատոգրաֆիական և մաս-խրոմատոգրաֆիական վերջին սերնդի լաբորատոր սարքավորումներով։
Նախարար Մուրադյանը ծանոթացել է նաև Հայաստանում գրանցված դեղերի ստուգանմուշների և դրանց աշխատանքային ու ռեֆերենս ստանդարտների պահպանման սառնարանային հատուկ պայմաններին, հետաքրքրվել է, թե ինչպես է իրականացվում դեղերի նույնականացումը։
Կենտրոնում դեղագրքային լաբորատոր փորձաքննություն են անցնում նաև պետական գնումներով ձեռք բերվող բոլոր դեղերը' անկախ արտադրողից։ Դրանց մուտքը շուկա թույլատրվում է միայն դրական արդյունքների դեպքում։ Արմեն Մուրադյանը ծանոթացել է նաև դեղերի գրանցման և ներմուծման մեկ պատուհանի գործընթացին։ Նա դրական է գնահատել կենտրոնի վերազինման և աշխատանքների որակի բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերը։
Նախարարն այնուհետև եղել է նույն շենքում տեղակայված ՀՀ ԱՆ Հատուկ պոլիկլինիկայում, որն իրականացնում է ՀՀ մարզերից և արտասահմանյան երկրներից Երևանի բուհերում սովորող երիտասարդների առողջական վիճակի հսկողությունը, կազմակերպում նրանց ամենամյա կանխարգելիչ զննումներ և հետազոտություններ, սպորտային բժշկություն, անհրաժեշտության դեպքերում իրականացնում բժշկական փորձաքննություններ։
Արմեն Մուրադյանը շրջել է պոլիկլինիկայի հարկաբաժիններում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին և վերանորոգման աշխատանքների ընթացքին։
Այցելած առողջապահական կազմակերպություններում նախարարն ամենուր աշխատակիցների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, տվել է հանձնարարականներ։
Նույն օրն Արմեն Մուրադյանն այցելել է նաև նորագույն սարքավորումներով հագեցած նորաբաց «Դիալաբ» բժշկական կենտրոն։ Նախկին լաբորատոր ծառայությունը նոր հարկի տակ ընդլայնվել է։
Նախարարին է ներկայացվել, որ կենտրոնում իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, շճաբանական, մանրէաբանական, գենետիկական լաբորատոր հետազոտություններ, ուլտրաձայնային ախտորոշում, ինչպես նաև նեղ մասնագիտական խորհրդատվություններ, այդ թվում' սրտաբանական, ներզատաբանական, գինեկոլոգիական, մաշկավեներոլոգիական։