Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակներում կհիմնվի արհեստական բեղմնավորման ծառայություն: Այս մասին տեղեկացրեց «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ քննարկել են 2023 թվականին Գյումրու ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում արհեստական բեղմնավորման ծառայություն հիմնելու ռազմավարությունը։
ՀՀ վարչապետը դեկտեմբերի 13-ին հանձնարարել էր մշակել Անպտղության հաղթահարման պետական ծրագիրը 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ: Մայրաքաղաքից դուրս Գյումրու ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքն առաջինն է, որտեղ իրականացվելու է արտամարմնային բեղմնավորում։
Ծառայությունը հասանելի է լինելու ոչ միայն Շիրակի, այլ նաև Լոռու և Արագածոտնի մարզերի շահառուներին։ Արտամարմնային բեղմնավորումն իրականացվելու է պետական ֆինանսավորմամբ։