«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. դիմակավորված անձինք իր տան մոտ դանակահարել են Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանին։ Վերջինս դուրս է եկել տնից՝ մեքենան վերցնելու, ենթարկվել է հարձակման, դիմակավորված մի քանի անձ մի քանի տեղով դանակահարել են նրան:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի ավագ բուժքույրը նշեց, որ Ասատրյանն այժմ գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ «Մենք քիչ առաջ ենք եկել հիվանդանոցից, մեզ թույլ չտվեցին իր մոտ մտնել, քանի որ դեռ վերակենդանացման բաժանմունքում էր։ Որովայնն էր վնասվել թոքի կողմից, ոչինչ, արդեն լավ էր վիճակը։ Նաև գլխի վրա էին կարեր դնում, մի երկու ժամից հետո նոր կարող ենք տեսնել։ Կյանքին սպառնացող վտանգ չկա»,- տեղեկացրեց բուժքույրը։
Վերջինս ասաց, որ դեպքը տեղի է ունեցել բժշկի տան մոտ. «Մենք եկել ենք աշխատանքի, էստեղ ենք իմացել, ոչ մի բանից տեղյակ չենք։ Իր տնից դուրս է եկել ու դա պատահել է։ Առավոտ 8։30-ին է դեպքը տեղի ունեցել։ Մնացածը քննիչների գործն է»։
Ոստիկանության լրատվական վարչությունից մեզ հետ զրույցում հաստատեցին կատարվածը և նշեցին, որ երկու դիմակավորված անձ հարձակվել և մահակներով ծեծի են ենթարկել բժշկական կենտրոնի տնօրենին։ Հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: