Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 48-րդ օրվա տեղեկագիրը (27.01.2023 թ. դրությամբ):
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր ընտանիքից բաժանված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները երեկ Հայաստանից տեղափոխվել են Արցախ։
Ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողությունների պատճառով դեռևս չլուծված է մնում հարյուրավոր իրարից բաժանված ընտանիքների հարցը:
Օրվա վիճակագրական թարմացումներ
9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 174 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 18 800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 48 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120 000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, 9 000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։
6 828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ և նախակրթարան հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20 000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից: