ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածներից մեկի՝ կրծքավանդակի շրջանում վիրավորված 18-ամյա երիտասարդի վիճակը բավարար է, հունիսի 21-ից նա անջատված է արհեստական շնչառության սարքից և գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
‹‹Դեռևս պայքարում ենք նրա կյանքի համար: Գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած մյուս երիտասարդի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց ստաբիլ վիճակում››,-ասաց Կուրղինյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշակական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը՝ գլխուղեղի ծանր վնասվածքով, մահացել էր հիվանդանոցում:
Ոստիկանությունը Նիգավանի մոտ տեղի ունեցածը որակել էր որպես «կենցաղային հարցի շուրջ ծագած վեճ»՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, որ վեճի պատճառը եղել է քաղաքական՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների և հակադրվողների միջև, նույն այդ տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հեղինակները Փաշինյանի կողմնակիցներն են։ Տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ և «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով կրակել նրանց վրա։ Ասատրյանն ու Փարվանյանը հերքել են իրենց հարազատների մասնակցությունն այս միջադեպին։