Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկած լայնածավալ նախահարձակ գործողությունների հետևանքով 4 քաղաքացիական անձ է վիրավորվել ու տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ առողջապահության նախարարությունից, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և Հայկ Թորոսյանը (ծն. 1997թ.) գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:

 

ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ' լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ' լապարատոմիա լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ'գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա: Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվուն են վերակենդացման բաժանմունքում: Զավեն Ավանեսյանը Մատաղիսի գյուղապետն է:

 

Ավելի վաղ Մարտունու շրջանից «Արևիկ» մանկական բուժմիավորում էին տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով: «Արևիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գևորգ Գրիգորյանի մոտ' վերքի առաջնային մշակում: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխաները գտնվում են վերակենդացման բաժանմունքում:

 

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկ ատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով: