Բյուրեղավանի հիմնական դպրոցի ավարտական միջոցառման մասնակիցներից սննդային թունավորմամբ հոսպիտալացված 17 պացիենտներից 15–ը դուրս են գրվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Վիկտորյա Միքայելյանը՝ նշելով, որ մյուսներն առողջացել և դուրս են գրվել։

«Հոսպիտալացված են մայր ու տղա, մի քիչ լավ չեն զգում իրենց, թուլություն ունեն, հավանաբար 2 օրից դուրս կգրվեն»,– փոխանցեց Վիկտորյա Միքայելյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին, Բյուրեղավանի հիմնական դպրոցի ավարտական 9–րդ դասարանի աշակերտներն ու նրանց ծնողները միջոցառումից հետո թունավորվել ու հոսպիտալացվել էին։ 9–ի Բ դասարանի շրջանավարտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները Երեւան–Սեւան մայրուղու վրա գտնվող «Նարեկ+» ռեստորանում էին խնջույքն անցկացրել։ «Նարեկ+» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահն ու խոհանոցը ժամանակավորապես փակվել էր՝ մինչեւ լաբորատոր հետազոտության արդյունքները։ Օրեր առաջ՝ հունիսի 9–ին, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնեցին, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդներից վերցված կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդությունների «Սալմոնելա էնտերիտիդիս» եւ «Ոսկեգույն ստաֆիլակոկ» ախտածին հարուցիչները։

«Համաճարակաբանական հետազոտության արդյունքները փաստում են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը սննդային գործոնն է:

Նշենք, որ սալմոնելոզն աղիքային վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով եւ կլինիկական բազմազանությամբ։ Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի միջոցով»,– ասվում էր ՀՎԿԱԿ–ի հաղորդագրության մեջ։