Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' երկրի դպրոցներում օսմաներենի դասաժամերը պարտադիր դարձնելու վերաբերյալ հայտարարությունը շարունակում է քննարկման կարևոր հարց մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Բուգյուն» պարբերականի սյունակագիր Այքութ Ըշըքլարը հատուկ հոդված է հրապարակել այ ս թեմայով' վերնագրելով այն այսպես. «Երբ կարդաս պապիդ գերեզմանաքարը, դառը ճշմարտություններից չտխրես...»:
Հոդվածում Ըշըքլարը նշում է, որ օսմաներենին տիրապետելուց հետո շատերը կհասկանան, որ իրենց պատմության դասագրքերում և հանրագիտարաններում մտադրված ստեր են սովորեցրել: «Օրինակ, չե՞ք ապշի, եթե իմանաք, որ պատմության մեջ մեծ ներդրում ունեցող շատ հայտնի մեր ճարտարապետը հայկական ծագում ունի: Այդ ճարտարապետը մի հերոս էր, հայրենասեր, ով ամեն անգամ օսմանյան փադիշահերի հետ արշավների էր դուրս գալիս և որպեսզի բանակը հանգիստ անցնի, կամուրջներ էր կառուցում»,- գրում է հոդվածագիրը: Նա խոսում է պալատական երաժշտության մասին'նշելով, որ այստեղ ևս շատեր ի համար նոր բացահայտումներ կարող են լինել, երբ վերջիններս իմանան, որ թուրքական երաժշտության ամենամեծ հեղինակները հայերն են, հույները, ասորիները, պարսիկները և այլք:
Հոդվածագիրը նշում է, որ օսմաներենին տիրապետելուց հետո շատերը կկարդան և կտեղեկանան, որ փադիշահերին առաջին տղա երեխա պարգևող կանայք անգամ մուսուլման չեն եղել և պատկանել են տարբեր էթնիկ խմբերի: «Ուտելիքներն էլ են այդպես... Անգամ օսմանյան խոհանոցի ձիթապտղի դոլմաները, բադրջանից պատրաստված տարատեսակ ուտելիքները, թխվածքները... Սրանց օրիգինալները մնացել են կամ Էգեյան ծովի հույներից, կամ էլ Կայսերիի շրջաբնում բնակվող հայերից»,- գրում է Ըշըքլարը' ընդգծելով, որ բոլոր նրանք, ովքեր այժմ ցանկություն են հայտնում օսմաներենի միջոցով կարդալ իրենց պապերի գերեզմանաքարերեի վրա եղած գրությունները, պետք է պատրաստ լինեն ամեն ինչի: