Պոլսահայ բանտարկված լեզվաբան Սևան Նիշանյանին ազատ արձակելու կոչերը շարունակում են հնչեցվել ինչպես հայ, այնպես էլ թուրք գործիչների կողմից: Թուրքական «Ռադիկալ» պարբերականի հոդվածագիր Ֆուաթ Քեյմանը հատուկ հոդված է գրել Նիշանյանի մասին, որում կոչ է արել տեր կանգնել հայ լեզվաբանին:

 

«Ինտելեկտուալ, մտավորական, էթիմոլոգ, ճանապարհորդ-գրող, քայլող գրադարան, բազմակողմանի, արարող, տարբերվող, երբեմն զայրացնող, մեծամասամբ սովորեցնող: Մի մարդ, ով իր ստեղծագործողություններով ցույց տվեց, թե ինչպես կարելի է արարող լինել մի երկրում' Թուրքիայում, որտեղ արարողների համար ամեն բան չափազանց բարդ է: Նրա անունը Սևան Նիշանյան է: Թուրքիացի մի հայ: Թուրքիայի համար արժեք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նման խոսքերով է Նիշանյանին բնորոշում Քեյմանը: Նա նշում է, որ հայ մատվորականը մի արժեք է, ում պետք է գնահատել, աջ ակցել, հասկանալ և պաշտպանել: «Սակայն սա Թուրքիան է, մի երկիր, որտեղ ամեն ժամ հարց ես տալիս. «Արդարադատություն, արդարություն, գթություն, օրենք կա՞ն»:

 

Սևան Նիշանյանն այս հարցում բացառություն չէ, նա մի քաղաքացի է, ով ընկել է դատարանի ձեռքը, ում դատավարության միջոցով փորձում են վերացնել, մի բանտից ուղարկում են մյուսը, ամեն օր ավելանում է նրա դեմ հարուցված գործերի քանակը, ավելանում են բանտում նրա անցկացրած օրերը, շատ դեպքերում անգամ չի իմանում, որ իր դեմ նոր գործ է հարուցվել: Նիշանյանին նետել են Թուրքիայի տարբեր բանտերը ոչնչացնելու համար: Սակայն ինչո՞ւ: Մարդ հետաքրքրվում է, թե ի՞նչ է արել Նիշանյանը: Ո՞ր մեծ մեղքի համար»,- գրում է թուրք հովածագիրը:

 

Նա նշում է, որ այս ամբողջ պատմությունը սկսվեց Շիրինջեում Նիշանյանի կողմից փլուզվելու եզրին գտնվող տներն առանց թույլտվության վերանորոգելու փաստից: Քեյմանը գրում է, որ հայ լեզվաբանի մղձավանջի մասին մտածելիս մշտապես իր մտքում գալիս է Հրանտ Դինքը, ով ևս կամաց-կամաց գնաց դեպի վախճանը: «Այդ գործընթացն էլ սկսվեց մի հոդվածով և մի չհասկացված նախադասությամբ: Սա էլ սկսվում է Շիրինջեում' մի փոքրիկ հողատարածքում փոքր տուն կառուցելով: Պաշտպանենք Նիշանյանին, այդ ստեղծագործ, արժեքավոր մարդուն: Պահանջենք, որ վերջանա այդ մղձավանջը: Հետո կրկին շատ ե նք տխրելու»,- այսպես է եզրափակել իր հոդվածը Ֆուաթ Քեյմանը: