«Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեի անդամները Թուրքիայում բանտարկված հայ լեզվաբանին ազատ արձակելու համար իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ գործի անցնելու կոչ են արել: Կազմակերպության անդամների տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ «Ազատություն և արդարություն Սևան Նիշան յանին» միջազգային կոմիտեի շուրջ միավորվել են մեծ թվով մտավորակններ և տարբեր քաղաքացիական կազմակերպությունների անդամներ' հաշվի առնելով Նիշանյանի բանտային պայմանների անընդունելիությունը, դրանց աստիճանական վատթարացումը և նոր դատական գործերի սպառնալիքները:

 

Կոմիտեի անդամները Նիշանյանի գործով կայացրած դատական որոշումն անվանել են իսկական ծաղրանք թուրքական արդարադատության նկատմամբ, ինչն անընդունելի է մարդկանց մտքի ազատության տեսանկյունից: «Կոմիտեն Նիշանյանի բանտարկությունը որակում է իբրև ատելության և խտրականության բացահայտ դրսևորում: Նիշանյանը, լինելով Թուրքիայի, այսպես կոչված, պետական ուղեղի թեզերի հետ հաշվի չնստող մտավորական, նման բռնությունների է ենթարկվում: «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեն Թուրքիայի իշխանություններին կոչ է անում անմիջապ ես ազատ արձակել Նիշանյանին և վերջ տալ նրա դեմ իրականացվող ճնշումներին ու բռնությանը:

 

Սևան Նիշանյանի նկատմամբ կիրառվող ճնշման և զրկանքների քննադատման, դրանք չեզոքացնելու և Սևանին ազատ արձակելու համար կոմիտեն կոչ է անում համաշխարհային հանրությանը, միջազգային և իրավապաշտպան կազմակերպություններին գործի անցնել»,- ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Կոմիտեի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև հայ լեզվաբանի առողջական վիճակի և ապագայի կապակցությամբ: Նրանք հույս են հայտնել, որ Սևան Նիշանյանի նկատմամբ կիրառվող անարդարությունը կշտկվի, և հայ լեզվաբանն ազատության մեջ կհայտնվի:

 

Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան, գրող, լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը ծնվել է 1956 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան վարժարանում: Սովորել է ԱՄՆ Յելի և Կոլումբիայի համալսարաններում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվելով' իր հուշագրությունները հանձնել է թղթին և գրքեր է հրատարակել: 1996 թվականին հաստատվել է Շիրինջե գյուղում, հիմնել հյուրանոց: Բանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա իր հողամասում կառուցել է մեկ հարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շինարարություն»: Թուրքական դատարանը Սևան Նիշանյանին 2013 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: