Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, որը վերաբերում է միմյանց տարածքում երկու երկրի քաղաքացիների գտնվելու կարգին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարների կաբինետի կայքում հրապարակված հրամանագրին:
Ինչպես նշվում է փաստաթղթին կից տեղեկանքում, այն ապահովում է «Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող Հայաստանի քաղաքացիների ազատումը ժամանման պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից»:
Համաձայնագիրն ստորագրվել է Սոչիում, 2014թ. հուլիս 11-ին: Օրինագիծը, որը պատրաստվել է Դաշնային միգրացիոն ծառայության և արտաքին գործերի նախարարության կողմից, վերանայվել և հաստատվել է ՌԴ կառավարության նիստի ժամանակ 2014 թ. դեկտեմբերի 4-ին: