Հայաստանում 2014 թվականին սողանքային աղետների 6 դեպք է արձանագրվել և քարաթափման 41 դեպք: Աղետների պատճառած վնասները նվազագույնի հասցնելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության, աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը: «Երկու դեպքում էլ աղետները մեծամասամբ գրանցվել են ճանապարհային հատվածներում: Շատ կարևոր է, որ տարվա կտրվածքով սողանքերի հետևանքով հանրապետությունում զոհեր չեն եղել»,-ասաց նա' ընդգծելով, որ նախարարության կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ նախորդ տարվա համեմատ, սողանքի դեպքերը չեն աճել:

 

ԱԻՆ աշխատակցի խոսքով' առաջին անգամ Հայաստանում ուսումնասիրություններ են կատարվել ճապոնական փորձի հիման վրա: Հայաստանը սողանքավտանգ երկիր է և այստեղ գոյություն ունի մոտավորապես 2540 սողանքային գոտի: Ճապոնացի գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև շենքերի սեյսմակայունության հետազոտման և ապահովման ոլորտում: Ըստ այդ հետզոտությունների արդյունքների, ինչպես նշեց Եմիշյանը, խնդիրներ կան հին շենքերի հետ. նորակառույց շենքերը հիմնականում համապատասխանում են միջազգային սահմանված նորմերին: