Պետական մարմինների մասին ամբողջական տեղեկատվությունը քաղաքացիներին հասանելի դարձնելու համար բոլոր գերատեսչություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում նշանակվել են տեղեկատվության ազատության համար պատասխանատուներ: Այս մասին ՀՀ արդարադատության նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամ անակ տեղեկացրեց նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նա վստահեցրեց, որ արդեն բոլոր պետական մարմիններում կան այդ պատասխանատու անձինք, որոնց մասին տվյալները տեղադրված են այդ գերատեսչության պաշտոնական կայքում:

 

«Փորձել ենք լուծել այն կարևորագույն խնդիրը, որ պետական բոլոր մարմիններն աշխատեն արդյունավետ և թափանցիկ: Պետական մարմիների աշխատանքը գնահատելու իրավունք ունեն ինչպես հասարակական կազմակերպությունները, այնպես էլ քաղաքացիները, իսկ դրա համար նրանք պետք է կարողանան մանրամասն տեղեկատվություն ստանալ այդ կառույցի աշխատանքների մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Քրմոյանը: Արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ մասնավորապես բարձրաձայնվել էր այն հարցը, որ պետական մարմիններում նշանակվի անձ, ով պատասխանտու է այդ մարմիններում տեղեկատվության ազատության համար: Քրմոյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի Կառավարությանը:

 

Պետական կառույցներում տեղեկատվության ազատության համար պատասխանատու նշանակելու հարցը բարձրաձայնած կազմակերպության' ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հայտնեց, որ այս որոշմամբ կկանոնակարգվի այն խնդիրը, երբ նախկինում պետական կառույցը հրաժարվում էր տրամադրել տեղեկատվություն քաղաքացիներին կամ ՀԿ-ներին: «Դեռևս 2003 թվականին, երբ ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, սահմանվել էր, որ Կառավարությունը պետք է կարգ սահմանի տեղեկատվության տրամադրման վերաբերյալ: Սակայն անցած 11 տարիներին ընթացքում կարգը այդպես է չսահմանվեց: Մեր կենտրոնում կան բազմաթիվ գործեր, որոնցում խոսվում է այն մասին, որ պետական կառույցը հրաժարվել է տրամադրել տեղեկատություն և նույնիսկ գրավոր կերպով պատասխանել է, որ իրենց համար չկա նման կարգ' տեղեկատվություն տրամադրելու մասին»,- ասաց Դոյդոյանը:

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2003 թվականին: Այդ օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու կարգը, ձեւերը եւ պայմանները: