Նախորդ շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ։ Մասնակցել էր Շուռնուխում բնակիչների տների վիճակահանությանը, այն բնակիչների, որոնց տները Շուռնուխ գյուղի մի մասի հետ հանձնել էր թշնամուն: Այցելել էր նաև սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ և պատասխանել բնակիչների հարցերին։
Սյունիքում Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Տավուշից հետո սահմանազատման հաջորդ գործընթացը լինելու է Սյունիքում։
168.am-ը Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ, բնակիչներին ինչ հարցեր են մտահոգել։
«Սահմանազատման վերաբերյալ հարցեր եղան՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, բայց դե կոնկրետ որևէ պատասխան չտվեց հարցերին։ Մեր բնակիչներին կոնկրետ հետաքրքրում էր, որ նախկին սահմաններով սահմանազատում լինի, այսիքն՝ մեր տարածքում գտնվող ադրբեջանական զինուժը հետ գնա, միայն դրանից հետո լինի սահմանազատումը։ Մենք միշտ էլ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի»,- նշեց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։
Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում, որ թշնամու զորքը հետ կգնա, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել, քանի որ չգիտի՝ ինչ են բանակցում։
Ինչ վերաբերում է գյուղի ընդհանուր վիճակին, Խաչատուր Բաղդասարյանը փոխանցեց, որ այս տարվա փետրվարի 13-ից հետո, երբ թշնամին կրակել էր գյուղի ուղղությամբ, հիմնականում կրակոցներ չկան։
Այդուհանդերձ, Խաչատուր Բաղդասարյանը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղությանը։
«Սա դժվար հարց է, ժամանակը ցույց կտա։ Ի՞նչ իմանամ, թշնամին մնում է թշնամի, էլի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Գյուղում կա նաև խմելու ջրի խնդիր, բայց Խաչատուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ այն աստիճանաբար լուծվում է։ Ներքին Հանդը խմելու ջուր չունի, 2020 թվականի արցախյան պատերազմից հետո, երբ թշնամին աստիճանաբար ներխուժեց գյուղի տարածք, դիրքավորվեց՝ հսկողության տակ վերցնելով գյուղի խմելու ջրի ակունքը։
«Երկու ամիս է՝ աշխատանքներ են տարվում, որ գյուղը խմելու ջուր ունենա։ Ներքին ցանցի աշխատանքներն արդեն ավարտվում են, մնում է ակունքից խողովակները շարեն։ Աշխատում են, հուսանք, որ գյուղում մի օր ջուր է լինելու»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։
Նշենք, որ Ներքին Հանդի գերեզմանոցը 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո թշնամու հսկողության տակ է գտնվում, գյուղում չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին կամ հուղարկավորել հարազատներին։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին Ադրբեջանը Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ դիմել էր հերթական սադրանքին՝ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր: Միջադեպից մեկ օր առաջ՝ փետրվարի 12-ին, Ադրբեջանը հայտարարել էր, որ իբր «հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։
Ադրբեջանի սադրանքից հետո ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ շեշտելով, որ տեղի կունենա քննություն, և միջադեպի մեղավորները կպատժվեն։ Իսկ դրանից հետո Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե հորդորել է հայ զինվորներին չտրվել սադրանքների, իսկ հրաման խախտողները կենթարկվեն պատասխանատվության։
Ի դեպ, այս տարվա մայիսի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հստակ չէր պատասխանել հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները դուրս կգան Ներքին Հանդից, Ջերմուկից և ՀՀ այլ տարածքներից։