Ցանկացած իրավախախտում, բազուկներով ու զոռբայությամբ հարցի լուծում Հայաստանի Հանրապետական կուսակցության համար ընդունելի չէ և դատապարտելի է:
Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասին հարցին: «Ես տեղյակ չեմ Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպից, սակայն Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգություն, այն էլ այդ եղանակով, մեզ համար ընդունելի չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ ցանկացած օրինախախտում դատապարտելի է՝ անկախ նրանից ում նկատմամբ կլինի, սակայն խնդիրը բացառապես իրավական է: Շարմազանովը համոզված է՝ իրավապահ մարմինները կիրականցնեն իրենց գործառույթները:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակվելու վերաբերյալ: Իրականացվում են միջոցառումներ' դեպքի հանգամանքները պարզելու համար: