Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը խոստանում է ակտիվ պատգամավորական գործունեություն ծավալել 2015թ.: Նա գալիք տարի պատրաստվում է շրջանառության մեջ դնել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հիմնականում վերաբերում են իրավական ոլորտի բարեփոխումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը խոսել է ԱԺ ավարտված նստաշրջանի արդյունավետության, իր պատգամավորական գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:

 

Պատգամավորն ընդգծեց, որ ինքը պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնություններով, որոնք հիմնականում կլինեն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի տիրույթում: «Ունեմ մի շարք նախաձեռնություններ, որոնք ենթադրում են դատական մի շարք օրենսգրքերում փոփոխություններ: Ես իմ գործունեության մեջ հիմնականում որպես թիրախ եմ վերցնում հասարակությունը, մեր հոգևոր արժեքների տեղայնացման խնդիրը և հետևողականորեն տանում եմ այն քաղաքականությունը, որ մեր հասարակությունը բարձրանա համագործակցային մտածողության մակարդակի և ցանկացած իրավիճակ ում, երբ լինում է համագործակցություն քաղաքական գործիչների հետ, տնտեսվարող սուբյեկտների հետ, դրանք չդիտարկվեն որպես ինքնաոչնչացման կամ մեկը մյուսին հաղթելու մոտեցումներ:

 

Կարծում եմ, որ այդ հարթության մեջ իմ գործունեությունն արդյունավետ կլինի: Ես սովորաբար իմ ակտիվությունը ի ցույց եմ դնում յուրաքանչյուր քառօրյայի երեքշաբթի օրերին՝ հայտարարությունների ժամին, որովհետև այդ հայտարարությունները հասարակությանն ինչ-որ տեղ ուղղորդող ազդակներ են»,- ընդգծեց պատգամավորը:

 

Վահրամ Մկրտչյանն, անդրադառնալով խորհրդարանի ավարտված նստաշրջանի աշխատանքներին, ընդգծեց, որ արդյունավետ է գնահատում այդ աշխատանքները: «Մենք ընդունել ենք մեծ կարևորություն ունեցող մի շարք օրենքներ, և կան 1 տասնյակ օրենքներ, որոնք առանցքային քաղաքական որոշման արդյունք են: Դրանք ոչ թե այսպես հերթական օրենքներում փոփոխություններ են, այլ հասարակության մեծ մասին հուզող և նրանց խնդիրները թեթևացնող օրենքներ են, որոնք մենք ընդունել ենք ավարտված նստաշրջանի ընթացքում: Խոսքը շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների, սահման ամերձ գյուղերին հարկային արտոնություններ, ինչպես նաև սոցիալական աջակցություն տրամադրելու օրենքների մասին է, որոնք խթան կհանդիսանան, որպեսզի մենք 2015թ. զարկ տանք մեր տնտեսությանը, որոշակիորեն թեթեևացնենք սահմանամերձ համայնքների սոցիալական բեռը»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ այս առումով ինքն արդյունավետ է համարում խորհրդարանի ավարտված նստաշրջանի աշխատանքները:

 

Պատգամավորը հիշեցրեց նաև, որ ավարտված նստաշրջանի ընթացքում խորհրդարանը հաստատել է ՀՀ 2015թ. պետական բյուջեն, ինչպես նաև կայացրել է քաղաքական շատ կարևոր որոշում՝ վավերացնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: