Գերմանիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնում է բարդ ժամանակներում, ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է երկխոսության և վստահություն ստեղծելու համար որպես հարթակ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից արված հայտարարության մեջ, որի տեքստը հունվարի 13-ին տարածել է արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Շտայնմայերի խոսքով' ուշադրության կենտրոնում «կգտնվեն Ուկրաինայում ԵԱՀԿ գործունեությունը և իրավիճակի մոնիտորինգի գծով առաքելության ուժեղացումը»:
«Մենք նաև մասնակցելու ենք Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման գործում և ակտիվացնելու ենք տեղերում ԵԱՀԿ առաքելությունների աշխատանքը»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Հունվարի 14-ին Շտայնմայերը կմեկնի Վիեննա, որտեղ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում կներկայացնի կազմակերպությունում Գերմանիայի նախագահության ծրագիրը: Հունվարի 1-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը Սերբիայից անցել է ԳԴՀ-ին: