Իրանը հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին:
Ըստ գործակալության, պատասխանելով ադրբեջանական APA գործակալության թղթակցի հարցին, դիվանագետն ընդգծել է, որ «հակամարտության առաջին օրվանից Իրանը փորձել է կանխել այն եւ լուծել հակասությունները»:
«Եթե ուշադրություն դարձնենք անցյալին, ապա կտեսնենք, որ կրիտիկական ժամանակներում Իրանը փորձել է կանխել հարեւան երկրների' Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունները: Այժմ, եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանան, Իրանը պատրաստ է դեր խաղալ եւ միջնորդ հանդես գալ այդ հակամարտության լուծման մեջ», -հայտարարել է Անսարին:
Նա նաեւ հայտնել է որ ադրբեջանական եւ իրանական դիվանագետները բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Իրան հնարավոր այցի առնչությամբ: Այցի մասին կհայտարարեն, եթե վերջնական լուծում ընդունվի, նշել է նա: