Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ Թեհրանը պատրաստ է «վճռական» պատասխանի, եթե Իսրայելը հարձակվի իր երկրի վրա՝ ի պատասխան հրթիռային հարձակման, գրում է ArabNews-ը:

Իսլամական հանրապետությունը հոկտեմբերի 1-ին մոտ 200 հրթիռ է արձակել Իսրայելի վրա՝ վրեժ լուծելով իր երկու ամենամոտ դաշնակիցների՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի և «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի, ինչպես նաև իրանցի գեներալի սպանության համար։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն անցյալ շաբաթ խոստացել է, որ իր երկրի պատասխան քայլը կլինի «մահացու, ճշգրիտ և զանսպասելի»:

«Իրանը, բոլոր ջանքերը գործադրելով տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, լիովին պատրաստ է վճռական պատասխանելու Իսրայելի ցանկացած արկածախնդրությանը», - Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին նաև կոչ է արել ՄԱԿ-ին օգտագործել իր ռեսուրսները՝ «դադարեցնելու Իսրայելի ռեժիմի հանցագործություններն ու ագրեսիաները և մարդասիրական օգնություն ուղարկել Լիբանան և Գազա»։

Զարգացումները տեղի են ունենում Իսրայելի և Իրանի դաշնակից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի ֆոնին, որը մոլեգնում է ավելի քան մեկ տարի և վերջին շաբաթներին ընդլայնվել է մինչև Լիբանան։