ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդին խնդրել է արտակարգ նիստ անցկացնել՝ կապված Լիբանանում Իսրայելի հարձակումների հետ։ Նրա խոսքերը հայտնում է IRNA գործակալությունը։

«Հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության լուրջ հետևանքները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Անվտանգության խորհրդին կոչ է անում միանշանակ և խստորեն դատապարտել Իսրայելի գործողությունները: Բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետությունը Անվտանգության խորհրդին կոչ է անում անհապաղ և վճռական միջոցներ ձեռնարկել Իսրայելի շարունակվող ագրեսիան դադարեցնելու և տարածաշրջանը լայնամասշտաբ պատերազմի մեջ չներքաշելու համար»,- ասվում է նամակում։

Ամիր Սաիդ Իրավանին նաև ասել է, որ Իրանը «առանց վարանելու» կպաշտպանի իր շահերը միջազգային իրավունքին համապատասխան և կձեռնարկի բոլոր միջոցները պաշտպանելու իր ազգային և անվտանգության շահերը։

Նա նամակ է գրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան:

Սևակ Հովհաննիսյան