Ռուսաստանի Դաշնությունը շահագրգիռ է, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն հարմարավետ լինի Հայաստանի համար' չշտապեցնելով նրան միացման հարցերում: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և կայուն զարգացման համալիր խնդիրների հարցերի գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը: «Հիմա Հայաստանի' ԵՏՄ-ին միանալու տարբեր ժամկետներ են նշվում, ոչ ոք հստակ չի կարող ասել, թե երբ կլինի:
Ցանկալի կլինի, որ որքան հնարավոր է շուտ լինի այդ գործընթացը, բայց Ռուսաստանը ուզում է, որ այն լինի առավել հարմարավետ Հայաստանի համար և մյուս երկրների համաձայնությամբ' միևնույն ժամանակ ժամկետային սահմաններ չդնելով: Բացի այդ' միայն Ռուսաստանը չէ Եվրասիական տնտեսական միությունը, վերջինը բուրգ չէ, որտեղ կա մեկ իշխող: Եթե Եվրամիությունը բուրգ է, որի վերևում եվրաբյուրոկրատիան է, ԵՏՄ-ի դեպքում այդպ ես չէ: Բարձրագույն տնտեսական խորհուրդն է մեզ մոտ որոշումների կայացման վերևում կանգնած, իսկ այն կազմում են անդամ երկրների նախագահները, և բոլոր որոշումները կոնսենսուսի արդյունքում են կայացվում»,-ասաց ռուս պաշտոնյան' հավելելով, որ դա է պատճառը, որ Ռուսաստանը չի կարող ճնշել Ղազախստանի վրա, որն իր հերթին ինքնիշխան պետություն է:
Վլադիմիր Լեպյոխինի կարծիքով' Հայաստանի իշխանության տեսակետը շատ ճիշտ է, երբ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի շրջանակներում որոշակի հարցեր շատ խիստ են դրվում: «Մի շարք ապրանքների շուրջ բանակցությունները, ինչպես նաև Հայաստանը շատ խիստ է դրել ԼՂ հարցը և ցանկանում է, որ այն իր օգտին լուծվի և ԼՂ սահմանները ճանաչվեն Մաքսային միության անդամների կողմից: Գիտենք, որ Ղազախստանն ունի այլ տեսակետ, որը տարբերվում է Հայաստանի դիրքորոշումից, դրա համար էլ գործընթացը ձգձգվում է: Ես սա համարում եմ նորմալ իրավիճակ, ոչ մի վատ բան տեղի չի ունեցել, սեփական ազգա յին շահերի կարևորումը շատ ճիշտ է Հայաստանի կողմից: Ավելի վատ կլիներ, եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցը խիստ չդներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Վլադիմիր Լեպյոխինը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը չի ենթադրում կայսերական հարաբերություններ, և ԵՏՄ-ին անդամ յուրաքանչյուր երկիր պահպանում է իր ինքնիշխանությունը:
Ռուս պաշտոնյայի խոսքով' Ռուսաստանն ու Հայաստանը նման են առնվազն երկու հատկանիշով: «Ռուսաստանն ու Հայաստանը ունեն պատմական ժառանգություն ու հիշողություն, Ռուսաստանը մի փոքր ավելի քիչ, Հայաստանն ավելի հնագույն պատմություն ունի, մյուս կողմից էլ' մենք նման ենք մեր համբերատարությամբ, որը մեզ թույլ է տալիս հաղթահարել դժվարությունները, հիմա այդպիսի դժվար ժամանակ է և պետք չէ կտրուկ քայլեր կատարել»,-փաստեց պաշտոնյան:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, այն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Հայաստանը, որ հայտ է ներկայացրել է Մաքսային միության անդամ դառնալու, ստեղծել է ճանապարհային քարտեզ եւ համաձայնեցրել բոլոր հարցերը: ԵՏՄ-ն կլինի վերպետական տնտեսական տարածք, որի անդամ երկրները միմյանց հետ կիրականացնեն առեւտուր սահմանված հատուկ մաքսատուրքերով: