Տարածաշրջանում լարվածության շարունակությունը չի բխում երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների շահերից, և ջանքերը պետք է ուղղված լինեն այդ տարաձայնությունների և լարվածության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, փոխանցում է Tasnim-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել' լուծելու այս լարվածությունը։ Մենք պատրաստ ենք դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ»,- ասել է նա։
Բաղերին նշել է, որ որևէ երկրի պաշտպանունակության և ռազմական կարողությունների ուժեղացումը չպետք է ուղեկցվի ագրեսիվ նպատակներով և մտադրություններով, իսկ տարածաշրջանից դուրս նոր խաղացողների առկայությունը ավելացնում է բարդությունն ու անկայունությունը։