ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը դեկտեմբերի 11-ին մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի կողմից կազմակերպված Արդարադատության նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը:
Դրանք վերաբերում են տեղեկատվություն տրամադրելու կարգին, տեղեկությունների պահպանմանն ու դասակարգմանը: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դրանք վերաբերում են տեղեկատվություն տրամադրելու կարգին, տեղեկությունների պահպանմանն ու դասակարգմանը: Կարևորելով նման քննարկումները՝ փոխնախարարը նշել է, որ հենց այս ձևաչափով հանդիպումներն են նպաստում, որպեսզի ուենանք որակյալ և հնարավորինս ներառական իրավական փաստաթղթեր:
Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պատրաստակամ է շարունակելու համագործակցությունն այս ուղղությամբ, կազմակերպելու քննարկումներ, լսելու բոլոր շահագրգիռ կողմերին, ստանալու առաջարկություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի վեր հանել խնդիրներն ու հնարավորինս սեղմ ժամկետներում տալ արդյունավետ լուծումներ: «Մենք մեր գործընկերների հետ աշխատել ենք և քայլ առ քայլ առաջ ենք շարժվել, փորձել ենք այնպիսի կարգավորում մշակել, որ տեղեկատվության տրամադրման հարցում որևէ բաց չլինի»,-ընդգծել է Սուրեն Քրմոյանը՝ հավելելով, որ հարցեր և առաջարկություններ լինելու դեպքում, նախարարությունը դրանք հաշվի կառնի և անհրաժեշտության դեպքում կկատարի համապատասխան լրացումներ:
Քննարկմանը մասնակցող Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն այնուհետև ավելի մանրամասն ներկայացրել են նախագծի դրույթները, ոլորտի կարգավորման մեխանիզմները, սկզբունքները, մասնավորապես, տեղեկատվության տրամադրման պատասխանատու պաշտոնատար անձի իրավունքներն ու պարտականությունները, դիմումների և դրանց պատասխանի տրամադրման ընթացակարգերը, տեղեկատվության տրամադրման մերժման և բողոքարկման կարգը, ինչպես նաև՝ այլ դրույթներ ու կարգավորումներ:
Քննարկվել է նաև տեղեկատվության տրամադրման համար գանձվող գումարի հարցը: Սուրեն Քրմոյանը պարզաբանել է, որ վճարումը պետք է կատարվի միայն այն դեպքում, եթե տրամադրվող տեղեկատվության էջերի քանակը գերազանցում է տասն էջը: Այդ դեպքում, յուրաքանչյուր էջի դիմաց գանձվում է ոչ ավել, քան տասը դրամ, որի չափը սահմանում է համապատասխան գերատեսչությունը: Ըստ նախարարի տեղակալի՝ այս առնչությամբ առաջարկությունների դեպքում ևս Արդարադատության նախարարությունը պատրաստ է փոխհամաձայնության գալ:
Այնուհետև կարծիքներ են հնչել գաղտնի տեղեկատվությանն առնչվող խնդիրների, տեղեկատվության դասակարգման, նախագծում առկա տերմինաբանության վերաբերյալ, առաջարկներ են եղել, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ևս նշանակվեն տեղեկատվության տրամադրման պատասխանատու անձինք, քննարկվել են կոնկրետ նախագծային դրույթներ: Որոշվել է, որ առաջարկություններին ավելի արդյունավետ ընթացք տալու համար դրանք ձևակերպվեն գրավոր և ուղարկվեն Արդարադատության նախարարություն:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը նման նախաձեռնության համար, որը երկար տարիներ լուծում չէր ստանում և կարգավորման որակյալ մեխանիզմ ներդնելու համար հայտնել է համագործակցության շարունակման պատրաստակամություն: