ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ՝ ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Հնադիպմանը մասնակցում էր նաև հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանը:

 

Հանդիպման սկզբում նախարարը ձկաբույծներին կոչ է արել բաց և արդյունավետ երկխոսության' ներկայացնելու իրենց տեսակետը մեր երկրում ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ոլորտի առավել արագընթաց և նպատակային զարգացումն ապահովելու նպատակով:

 

«Մենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք ենք նախաձեռնել' դեմ առ դեմ քննարկելու բոլոր ցավոտ խնդիրները, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում և երկուստեք աշխատանքի միջոցով գտնելու դրանց առավել իրատեսական և արդյունավետ լուծման տարբերակները»,-իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է ձկնաբուծությունն առանց երկրի էկոլոգիային վնաս հասցնելու և ջրային պաշարների առավելագույնս խնայողաբար օգտագործելու միջոցով զարգացնելու հնարավորությունները' անդրադառնալով ջրօգտագործման փակ ցիկլով համակարգերի կիրառման հարցին: Ձկնաբույծների խոսքով' այս համակարգի կիրառումը ոչ միայն ծախսատար է, այլև բացասաբար կանդրադառնա արտադրած ձկնամթերքի որակական հատկանիշների վրա, ինչը կհանգեցնի սպառման ծավալների էական կրճատման, քանի որ արտաքին շուկայում հայկական ձկնամթերքն իր մրցունակությունը կարողանում է պահպանել հենց բրենդի և որակի շնորհիվ:

 

Փոխարենը նրանք առաջարկել են առավել բալանսավորված օգտագործել ընդերքի ջրային պաշարները' ընդգծելով, որ ճիշտ բաշխման դեպքում ինքնավերականգնվող ջրային պաշարները բավարար են ձկնաբուծության առկա ծավալները նույնիսկ կրկնապատկելու համար: Հանդիպման մասնակիցները մասնավորապես շեշտել են ցածրադիր վայրերում գործունեություն ծավալող տնտեսավարողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը, և որպես լուծման առավել արդյունավետ տարբերակ' առաջարկել ջուրը տրամադրել քվոտավորված' ըստ արտադրության ծավալների:

 


«Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի խոսքով' 1լ/վ ջրով տարեկան կտրվածքով կարելի է արտադրել 700 կգ ձուկ:

 

Նախարարը նշել է, որ առաջարկը քննարկման կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին, և արդյունքների մասին նախարարությունը տեղյակ կպահի ներկաներին:

 

Բարձրացվել են նաև ջրի վարձավճարներին, ձկնկիթի մաքսազերծմանը, արտահանման խթանմանը, ոլորտում մրցակցության և հավասար խաղի կանոնների պահպանմանը, ներմուծվող ձկան կերի հարկմանն առնչվող և այլ հարցեր:

 


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին