Կառավարությունը ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության' լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարեց համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Դրանցով ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 6 մլն դրամը, կսուբսիդավորվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը պետք է հաշվի առնի մի բան. ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից մեկն է, և պարզ է, որ դրա արդյունքում կան նաև լուրջ խնդիրներ և ռիսկեր:
«Մենք մի ժամանակ հաշվարկել էինք, որ տարեկան մեկ միլիարդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք: Բայց մենք ունենք իրողություններ, և ընտրությունը հետևյալն է. կամ ասենք, որ արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ էլ ասում ենք ձկնարդյունաբերության վրա ենք խաչ քաշում, որը կրկին չենք կարող անել, որովհետև դա նշանակում է հարվածել տնտեսությանը երկու դեպքում էլ: Դրա համար էլ մենք պետք է քայլ-քայլ գնանք, որպեսզի կարողանանք այս ռիսկերը և հնարավորությունները կառավարել և գալ հավասարակշռված լուծումների»,- ասաց վարչապետը: