Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես՝ ինչպես նախորդ նիստում, այս անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը:

 

Դիմելով նիստին մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային ուսումնասիրությունների խստացմամբ շրջանառության հարկի 3,5 տոկոսը մինչև 1 տոկոս նվազեցնելն է' ապահովելով նաև բոլոր գործարքների փաստաթղթավորում:

 

Տիգրան Սարգսյանը զարմանք և տարակուսանք է հայտնել, որ շատ ՓՄՁ-ներ դեմ են այդ առաջարկին: Այս դեպքում խնդիրը պետք է փնտրել ոչ միայն վատ վարչարարության, այլև թե ՓՄՁ-ների ստվերային գործունեության, և թե խոշոր բիզնեսի ստվերային հոսքերի շրջանառության ապահովման մեջ:

 

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակոթյուն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկաներին՝ ևս մեկ անգամ քննարկել ներկայացված առաջարկությունները և հարցը կրկին ներկայացնել հաջորդ նիստում: