Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Այսօր մեկնարկում է Հարկային օրենսգրքի մանրամասն քննարկումը կառավարությունում: Անցած տարի բոլոր գերատեսչություններն ունեին հանձնարարական՝ քննարկել օրենսգիրքը համապատասխան ճյուղերի տնտեսվարողների եւ լայն հանրության հետ՝ հաշվի առնելով հնարավոր ազդեցությունները տնտեսական աճի եւ բյուջեի մուտքերի վրա, որպեսզի օրենսգրքի վերջնական տարբերակը ներկայացնենք Ազգային ժողով», - դիմելով ներկաներին՝ ասել է վարչապետը:

 

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ըստ որոշ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունները եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

 

 

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ոլորտային քննարկումները եւ սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն ըստ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ: